Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ տեղական գործակալություններն ու նրանց օտարերկրյա հովանավորները փորձում են հակադրել Վրաստանին Հայաստանին։ Այս մասին նա խոսել է Imedi LIVE հեռուստաալիքի ուղիղ եթերում։
Վարչապետը նշել է, որ նման փորձերը, այդ թվում՝ համեմատությունների միջոցով, ոչ մի կողմից հաջողություն չեն բերի։ Նրա խոսքով՝ Վրաստանը լիարժեքորեն աջակցում է իր բարեկամ երկրին՝ Հայաստանին, և հայ ժողովրդին։
«Ինչ վերաբերում է Հայաստանի հետ համեմատությանը, ապա դա մեզ համար մի փոքր անհարմար թեմա է, քանի որ մենք հարևաններ ենք, ունենք շատ բարեկամական հարաբերություններ, ռազմավարական գործընկերություն։ Ուստի կոռեկտ չէ մեզ համեմատել Հայաստանի հետ», – ասել է Կոբախիձեն։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին՝ նրա կողմից ցուցաբերվող «յուրահատուկ վերաբերմունքի» համար, որն արտահայտվում է բարեկամական հարաբերություններով, այդ թվում՝ կառավարությունների միջև ուղղակի շփումներով։
«Հայաստանի վարչապետը նույնիսկ ուղիղ հայտարարել է, որ առանց Վրաստանի անհնար է խոսել Հայաստանի եվրոպական ինտեգրման մասին», – ընդգծել է Կոբախիձեն՝ հավելելով, որ նման տեսակետին աջակցել է նաև եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը նշել է, որ Հայաստանը Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող ամենակարճ ճանապարհն է։