Հայաստանում ժողովրդավարության հարցերով միջազգային դիտարանը (IODA) հայտարարում է, որ 2026 թվականի մայիսի 22-ից 26-ը կանցկացնի իր երկրորդ ճանաչողական առաքելությունը։
Առաքելության կազմում են մի քանի հայտնի փորձագետներ և իրավաբաններ։ Դրանց թվում են՝ DAWN-ի գործադիր տնօրեն, մարդու իրավունքների և արտաքին քաղաքականության փորձագետ Սառա Լի Ուիթսոնը, Կանադայի խորհրդարանի նախկին անդամ Բրայան Մեյը, իրավաբան և իրավապաշտպան մասնագետ Դիանա Քերնին, իրավախորհրդատու և Փարիզի Պանթեոն-Ասսաս համալսարանի դասախոս Ֆիլիպ Կալֆայանը, ով նաև հանդիսանում է IODA-ի Գործադիր խորհրդի համակարգողը։
IODA-ն անկախ, հատուկ ստեղծված վերլուծական մարմին է, որի առաքելությունն է դիտարկել, փաստագրել և գնահատել Հայաստանում ժողովրդավարական կառավարմանը և քաղաքացիական տարածքին առնչվող քաղաքական ու ինստիտուցիոնալ զարգացումները։ Դիտարանը չի իրականացնում ընտրությունների պաշտոնական դիտորդություն և չի աջակցում որևէ քաղաքական գործիչի։ Գործունեության ընթացքում այն առաջնորդվում է անկախության, անկողմնակալության, փաստերի վրա հիմնված վերլուծության և թափանցիկության սկզբունքներով՝ տրամադրելով օբյեկտիվ և ստուգված գնահատականներ՝ տեղական շահագրգիռ կողմերի հետ ուղղակի փոխգործակցության և կառուցողական երկխոսության միջոցով։