ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է քննարկել Ադրբեջանի նկատմամբ ճնշումների կիրառման մասին փոփոխություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը պատրաստվում է քննարկել և քվեարկության դնել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կողմից առաջարկվող փոփոխությունը, որը կոչ է անում Միացյալ Նահանգներին դիվանագիտական, տնտեսական և իրավական ճնշումներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։

Փոփոխության հեղինակն է կոնգրեսական Բրեդ Շերմանը։ Այն ուղղված է ապահովելու «Ազատության աջակցության ակտի» (FREEDOM Support Act) 907-րդ հոդվածի պահանջների լիարժեք կատարումը՝ հայ պատանդների ազատ արձակմանը հասնելու համար։

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ և առանց որևէ նախապայմանի ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Միացյալ Նահանգները պետք է օգտագործի բոլոր իրեն հասանելի դիվանագիտական, տնտեսական և իրավական գործիքները, ներառյալ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի լիարժեք կիրառումը, ինչպես նաև Մագնիտսկու գլոբալ ակտի շրջանակներում պատժամիջոցների ներդրման հնարավորության դիտարկումը, որպեսզի հասնի Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքական բանտարկյալների անհապաղ ու անվերապահ ազատ արձակմանը։

Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը։ Փորձագետների գնահատմամբ՝ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ընդհանուր թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի։

Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվողների թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 նախկին և գործող ներկայացուցիչներ։ Նրանց անուններն են՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Փետրվարին Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման դատապարտել է Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին։ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Ռուբեն Վարդանյանին դատապարտել են 20 տարվա ազատազրկման, իսկ մյուս արցախցիներին՝ մինչև 15 տարվա ազատազրկման։