ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված նախաքննությամբ պարզվել է կոռուպցիոն սխեմա, որը կապված է ՀՀ Կոտայքի մարզի «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի հետ։
Նախաքննության ընթացքում հաստատվել է, որ ՀՈԱԿ-ի համապատասխան բաժնի պետը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, կաշառք է ստացել դատապարտյալից։
Գործի էությունն այն է, որ 2025 թվականի մայիսին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով 80 ժամ տևողությամբ հանրային աշխատանքներ կատարելու նպատակով դատապարտյալը տեղափոխվել է «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ։ Նրա կողմից հանրային աշխատանքների կատարման նկատմամբ հսկողությունը հանձնարարվել է վերը նշված բաժնի պետին։
Սակայն պաշտոնատար անձը, դատապարտյալի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար՝ մաքրման աշխատանքները չիրականացնելու պայմաններում դրանք իրավասու մարմիններին որպես կատարված ներկայացնելու դիմաց, պահանջել և 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին մեկ այլ քաղաքացու միջոցով ստացել է կաշառք։
Արդյունքում՝ դատապարտյալն իրեն հատկացված տեղամաս չի այցելել և հանրային աշխատանքներ չի կատարել։ Բայց նրա անվամբ կազմվել և համապատասխան մարմիններին ուղարկվել է տեղեկանք, որտեղ նշվում էր պատիժը փաստացի կրելու մասին։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կազմված մեղադրական եզրակացության համաձայն՝ «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի պաշտոնատար անձին մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալ), կաշառք տված անձը՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք տալ), իսկ կաշառքի միջնորդություն կատարած անձը՝ 437-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառքի միջնորդություն)։
Նախաքննությունը ավարտվել է, և վարույթի նյութերը ուղարկվել են հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու նպատակով։