ՀՀ պաշտպանության նախարարը Վրաստանի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Թբիլիսի կատարած այցի ընթացքում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերը։ Պաշտպանության նախարարը ներկայացրել է պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության առաջնահերթություններն ու հեռանկարները՝ բարձր գնահատելով դրանց ընթացիկ առաջընթացը։

«Մեր քննարկումների կենտրոնում տարածաշրջանային անվտանգության հարցերն էին։ Այս համատեքստում ընդգծեցի, որ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումը անհամեմատելիորեն կարևոր է և կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների՝ այդ թվում՝ Հայաստանի և Վրաստանի, զարգացմանն ու բարգավաճմանը»,- նշել է Սուրեն Պապիկյանը։