ՀՀ կառավարությունը ապրիլի 23-ի նիստում հավանություն է տվել «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի նախագծին, որը պայմանավորված է կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրմամբ։
Ներկայացնելով օրինագիծը՝ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ այն ամբողջությամբ կարգավորում է անձնագրերի շրջանառության ոլորտը։
Օրենսդրական փոփոխության հիմնական նորույթներից է այն, որ 16 տարին լրացած Հայաստանի բոլոր քաղաքացիները պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտ։ Այս քարտը կլինի անձնագրի ստանալու համար անհրաժեշտ պայման։ 6-16 տարեկան անձանց համար նույնպես նախատեսվում են նույնականացման քարտեր, իսկ մինչև 6 տարեկան երեխաների համար՝ ծննդյան վկայականներ։
Նախարարը նաև ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացիների արտասահմանյան ուղևորությունների համար նախատեսված բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ կենսաչափական անձնագրերը, համապատասխանում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափորոշիչներին։
ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում է, որ նույնականացման քարտերը կօգտագործվեն հանրապետության տարածքում, իսկ կենսաչափական անձնագրերը՝ արտերկիր մեկնելու նպատակով։ Կենսաչափական անձնագրեր կտրամադրվեն նաև փախստականներին և երկրում ապաստան ստացած անձանց։