ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հարցազրույցի ընթացքում նշել է, որ առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձի հաշվարկման մեթոդաբանությունը փոխվել է։
Նախկինում բուժաշխատողներին վճարվում էր ֆիքսված աշխատավարձ, որը չէր կախված այցելությունների քանակից կամ մատուցված ծառայությունների ծավալից։ Այսօր, նախարարի խոսքով, պետությունը վարձատրություն է տալիս բուժառուների սպասարկմանը համապատասխան՝ հաշվի առնելով խորհրդատվություն, հետազոտություն և բուժման ծավալները։
Ընդհանուր առմամբ, նախարարը նշել է, որ առողջապահության համակարգում արձանագրվել է աշխատավարձերի աճ։ Նա տվյալներ է ներկայացրել նախարարության ենթակայության շուրջ 60 բուժհաստատությունների վերաբերյալ, որտեղ ընտանեկան բժիշկ-թերապևտների և մանկաբույժների աշխատավարձերը բարձրացել են 20-40 տոկոսով։ Ընդ որում, մի շարք նեղ մասնագետների եկամուտները աճել են 2-3 անգամ։
Աշխատավարձի բարձրացումը, որը հաշվարկվում է նոր համակարգով, բուժաշխատողները ստացել են արդեն մարտ ամսից։
Անահիտ Ավանեսյանը նաև չի բացառել, որ առանձին դեպքերում կարող են լինել լոկալ խնդիրներ։ Նրա խոսքով՝ մարզային բժշկական կենտրոններում հաշվարկի ձևաչափի վերանայման անհրաժեշտություն կա։ Բացի այդ, շուրջ 70 բուժաշխատողի մոտ, որոնք զբաղվում են 2-3 ուղղությամբ, աշխատավարձի մակարդակը մնացել է նույնը։