Հայաստանում մամուլով ծանուցումները կփոխարինվեն էլեկտրոնային համակարգով

ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ կքննարկի օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի համաձայն՝ մամուլում տեղեկատվության հրապարակման միջոցով ծանուցումներ տալու պրակտիկան կփոխարինվի էլեկտրոնային համակարգով։

Ինչպես հայտնում է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ներկայումս օրենսդրության մեջ կան մի շարք նորմեր, որոնք պարտադիր են համարում որոշակի տպաքանակ ունեցող մամուլում տեղեկատվության հրապարակումը։ Այս պահանջները վերաբերում են, օրինակ, սնանկության դեպքերի, մրցույթների անցկացման, գերակա հանրային շահ ճանաչելու, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, բանկերի և ապահովագրական ընկերությունների գործունեության վերաբերյալ տեղեկատվության տարածմանը։

Նախարարը նշում է, որ այս պահանջը պատմականորեն արդիական էր, երբ տպագիր մամուլը հանրությանն իրազեկելու հիմնական և ամենատարածված միջոցն էր։ Սակայն տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և թվային հարթակների հասանելիության շնորհիվ այս մեթոդը կորցրել է իր արդիականությունը։ Տպագիր մամուլում հրապարակումները բացի ծախսային ոչ արդյունավետությունից, նաև սահմանափակում են տեղեկատվության հասանելիությունը լայն լսարանի համար։

Համաձայն նախագծի, օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված դեպքերում, երբ հրապարակային ծանուցումը նախատեսված է մամուլում տեղեկատվության հրապարակման միջոցով, այն պետք է տեղադրվի նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնական ծանուցումների azdarar.am կայքում։ Այսպիսով, հրապարակային ծանուցման երկու դեպքի ժամանակ էլ պարտադիր կդառնա տեղեկատվության հրապարակումը պաշտոնական էլեկտրոնային հարթակում։

Բացի այդ, նախարարը հայտնել է մեկ այլ էլեկտրոնային հարթակի՝ Hartak.am-ի շուտափույթ գործարկման մասին, որտեղ կներկայացվեն բոլոր ծանուցումները, այդ թվում՝ դատաիրավական համակարգի և քաղաքացիների վերաբերյալ։ Այս համակարգը կգործի բացառապես նույնականացման մեթոդով։ Գալյանը նշել է, որ հարթակը հաջորդ ամսվանից կգործարկվի, սակայն վերջնականապես հասանելի կդառնա երեք ամսվա ընթացքում, երբ կընդունվեն ենթաօրենսդրական ակտերը։

Փաթեթից հանվել է Ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը։