«Նոր դարաշրջան» կուսակցությունը կմասնակցի 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին հայտնել է կուսակցության նորընտիր նախագահ, փաստաբան Հարություն Հարությունյանը։
Որոշումը կայացվել է կուսակցության արտահերթ համագումարում, որից հետո Հարությունյանը պաշտոնապես ընտրվեց կուսակցության նախագահ։
«Մեր իրավաբան գործընկերների հետ միասին մենք բավականին երկար ժամանակ մտածել ենք մեր պետության ապագայի մասին և որոշել ենք մեծ պատասխանատվություն ստանձնել», – նշել է Հարությունյանը։ Նրա խոսքով՝ կուսակցության և նրա անդամների հիմնական նպատակն է ձևավորել ինքնիշխան, ազատ և իրավական հիմքերով պետություն։
«Մենք ձգտում ենք ամրապնդել անկախ և անաչառ դատական համակարգը, որը բացառում է իրավական անվտանգությանը և իրավական որոշակիությանը ցանկացած միջամտություն», – ընդգծել է նա։
Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ «Նոր դարաշրջան» կուսակցության կազմում ընդգրկված են բազմաթիվ մասնագետներ՝ իրավաբաններ, փաստաբաններ, քաղաքագետներ, մաթեմատիկոսներ և այլ փորձագետներ, որոնք պատրաստ են օգտագործել իրենց գիտելիքներն ու փորձը՝ մասնակցելու քաղաքական գործընթացներին։
Կուսակցության ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացնում արտախորհրդարանական ուժերի հետ և շուտով կներկայացնեն իրենց դիրքորոշումը՝ հրապարակելով համապատասխան հայտարարություն։