ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձը, դիտավորությամբ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու վիճակ ստեղծելու նպատակով, իրականացրել է իրեն պատկանող այլ անշարժ գույքերի ձևական օտարումներ և խարդախության եղանակով հափշտակել ՊՆ նախարարի հրամանով անհատույց օգտագործման իրավունքով իրեն հանձնված բնակարանը։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ պաշտոնատար անձը, որն իրականում մշտապես բնակվել է իրեն և կնոջը պատկանող բնակարանում, 2018 թվականի հոկտեմբերի 9-ին ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովին ներկայացրել է բնակելի մակերեսով ապահովվածության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն։ Այս տեղեկատվության հիման վրա հանձնաժողովը Երևանի հասցեներից մեկի բնակարանն անհատույց սեփականության իրավունքով վերջինիս տրամադրելու հարցին տվել է դրական եզրակացություն։
Արդյունքում՝ 2019 թվականի հուլիսին ՊՆ հաշվեկշռում գտնվող առանձնապես խոշոր չափերի՝ 21.400.000 ՀՀ դրամ արժողությամբ բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել է հիշյալ պաշտոնյային։
Նրան մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին)։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։