ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովն ապրիլի 6-ի նիստում դրական եզրակացություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում և հարակից փաստաթղթերի փաթեթում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին։
Այս փոփոխությունների հիմքում ընկած է Ոստիկանության աշխատակիցների մասնագիտական գործունեության գնահատման նոր, միասնական համակարգի ներդրումը։ Ըստ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի՝ այս համակարգը պետք է իրականացվի ամեն տարի՝ օբյեկտիվ և չափելի ցուցանիշների հիման վրա։
Նախարարը նշել է, որ նոր համակարգը թույլ կտա ավելի արագ և ճշգրիտ գնահատել ոստիկանության աշխատակիցների աշխատանքի որակը և արդյունավետությունը։ Սա, իր հերթին, կնպաստի ժամանակին արձագանքել առկա խնդիրներին և ապահովել մասնագիտական գործունեության գնահատման արդյունքների հիման վրա գիտելիքների, կարողությունների և հմտությունների շարունակական կատարելագործումը։
Համակարգը նաև կապակցված կլինի ոստիկանության ծառայողի սերտիֆիկացման հետ, ինչը կապահովի աշխատողի մրցունակության անընդհատ պահպանումը։
Ակնկալվում է, որ օրինագծերի ընդունումից հետո կներդրվի աշխատակիցների գործունեության արդյունավետության և որակի գնահատման ավելի օբյեկտիվ և արդյունավետ մեթոդ։ Այս համակարգը կներառի աշխատանքի արդյունավետության շարունակական մոնիտորինգ, որի հիման վրա կկայացվեն որոշումներ, և կնպաստի նրանց կրթական կարիքների հնարավորինս արագ բացահայտմանը՝ նպատակաուղղված զարգացման և որակավորման բարձրացման համար։