ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի դեպքեր «Ուժեղ Հայաստան» կուսակցության շրջանում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու հերթական դեպքեր։

Ըստ կոմիտեի տեղեկությունների՝ պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի խումբ անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։

Հետաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ խմբի անդամները, բացահայտումից խուսափելու և իրենց գործողությունների հետագծելիությունը նվազեցնելու նպատակով, օգտագործել են միջնորդավորված անձանց և նրանց պատկանող ավտոմեքենաները։ Գումարները հիմնականում կանխիկ եղանակով են տրամադրվել, իսկ դրանց ստացման և բաժանման գործընթացում ներգրավվել են կուսակցության հետ փոխկապակցված ընկերությունների աշխատողներն ու նրանց շրջապատի անձինք։ Դրամական միջոցների շարժի վերահսկումը դժվարացնելու նպատակով ծրագրվել է ֆինանսական գործառնությունների համար օգտագործել ռուսական բանկային քարտեր։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Այս դեպքը հիշեցնում է նախորդներին, երբ հայ իրավապահները ձերբակալում են ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքով գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմնակիցներին։

Կուսակցությունում այս ձերբակալություններին արձագանքելով հայտարարում են, որ դրանք իրականացվում են ընտրական գործընթացին միջամտելու, անհավասար պայմաններ ստեղծելու, կուսակցության անդամներին վախեցնելու և նրանց գործունեությունը խոչընդոտելու նպատակով։