Ապրիլի 10-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության (EUMA) նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։
Ընդունման ընթացքում Արմեն Գրիգորյանը շնորհավորել է տիկին Կոյվուին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ ապագա գործունեության ընթացքում։ ԱԽ քարտուղարը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության իրականացրած աշխատանքի համար և ընդգծել, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունը։
Սատու Կոյվուն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր փորձն ու գիտելիքները ներդնելու է առաքելության գործունեության արդյունավետության առավել բարձրացման գործում։
Հիշեցնենք, որ ԵՄ-ի կողմից Հայաստանում քաղաքացիական առաքելության տեղակայումը սկսվել է 2023 թվականի փետրվարի 20-ին։ Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը։
Առաքելության կազմում ներառված է մինչև 100 մասնագետ, որոնց թվում են ֆրանսիացի ժանդարմեր և գերմանացի ոստիկաններ։ 2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԵՄ ԱԳՆԽ նիստի արդյունքներով որոշվել էր առաքելության թվաքանակը 209 մարդու հասցնել։ Առաքելության օպերատիվ շտաբը գտնվում է Եղեգնաձորում։