Երևանում տեղի է ունեցել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) խորհրդի «ՀՀ Ազգային ժողովի արձագանքողականության, արդյունավետության, թափանցիկության և ներառականության ամրապնդում» նախագծի տարեկան նիստը։ Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Շվեդիայի և Կանադայի դեսպաններ Եվա Սունդկվիստը և Էնդրյու Թըրները, ինչպես նաև ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին։
Նիստի ընթացքում Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել երկարատև և արդյունավետ համագործակցության համար։ Նա բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի կարևոր դերը Հայաստանի խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում՝ մաղթելով գործընկերներին հաջողություններ ապագա ջանքերում։
Շվեդիայի դեսպան Եվա Սունդկվիստը նշել է, որ նրանց նպատակն է նպաստել Ազգային ժողովի քաղաքականության մշակման ներառականությանը և թափանցիկությանը։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունները ուղղված են ստեղծելու և զարգացնելու արձագանքող և թափանցիկ խորհրդարան։ Դիվանագետը ընդգծել է, որ Ստոկհոլմը կշարունակի աջակցել Հայաստանին ժողովրդավարական, ներառական և կայուն զարգացման ուղղությամբ։
Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները նշել է, որ իր երկիրը մի քանի տարի շարունակ համագործակցում է Ազգային ժողովի հետ՝ տարբեր ծրագրերի միջոցով, որոնք նպաստում են Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը։ Նա նաև ընդգծել է, որ Ազգային ժողովի գործունեությունը հանդիսանում է ժողովրդավարական գործընթացների հիմնասյուներից մեկը։
ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին իրականացված աշխատանքը անվանել է ռազմավարական՝ նշելով, որ նպատակն է խթանել Ազգային ժողովի դերը որպես ժողովրդավարության հիմնասյու։ Նրա խոսքով՝ վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրականացված բարեփոխումները մեծացրել են հանրային վստահությունը խորհրդարանի նկատմամբ։
Ծրագրի ղեկավար Ռուզաննա Հայրապետյանը ամփոփել է 2025 թվականին ձեռք բերված հիմնական արդյունքները՝ նշելով, որ 2025 թվականի խոշոր նվաճումը եղել է Ազգային ժողովի ռազմավարության մշակումն ու հաստատումը։ Նա ներկայացրել է 2026 թվականին՝ ընտրություններից առաջ և հետո, նախատեսված աշխատանքները։ Հայրապետյանը նաև ընդգծել է, որ հասարակական կարծիքի գնահատումը ցույց է տվել Ազգային ժողովի հաշվետվողականության, վստահության, արդյունավետության և գործունեության թափանցիկության աճ։