«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում նշել են Աշխատանքի պաշտպանության օրը

Ապրիլի 28-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում տեղի ունեցավ Աշխատանքի պաշտպանության օրվա տոնակարգը, որը 2026 թվականին անցկացվում է «Բարենպաստ հոգեսոցիալական աշխատանքային միջավայր․ աշխատողների բարեկեցության և կազմակերպության ամրապնդման հիմք» խորագրի ներքո։

Այս տարվա նշումը նախորդեց Աշխատանքի պաշտպանության շաբաթին, որի ընթացքում կազմակերպվեցին բազմաթիվ միջոցառումներ՝ ուղղված ընկերության աշխատակիցների իրազեկվածության բարձրացմանը և անվտանգության հմտությունների զարգացմանը։ Դասընթացներում քննարկվեցին անհատական պաշտպանության միջոցների ճիշտ կիրառման, աշխատանքի պաշտպանության վերաբերյալ փաստաթղթերի վարման և տեղեկատվական նյութերի պատրաստման հարցերը։ Կատարվեցին նաև այլ նախաձեռնություններ, որոնք նպատակ ունեն աշխատանքի պաշտպանության համակարգը դարձնել ավելի արդյունավետ։

Ապրիլի 28-ին ընկերության մասնագետները մասնակցեցին նաև տեսական և գործնական վարպետության դասի, որը կազմակերպվել էր Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում։ Այստեղ ներկայացվեցին առաջին օգնության ցուցաբերման ժամանակակից մոտեցումները և կիրառական հմտությունները, որոնք անհրաժեշտ են արտակարգ իրավիճակներում արդյունավետ և ճիշտ արձագանքելու համար։

Ընկերության Աշխատանքի պաշտպանության բաժնի պետ Կարինե Համբարձումյանը նշել է, որ անվտանգության կանոնների պահպանումը հատկապես կարևոր է այն ոլորտներում, որտեղ տեխնիկական ռիսկերը բարձր են։ Նրա խոսքով՝ վտանգավոր գոտիներում աշխատանքի կազմակերպման և վարքագծի ճիշտ մոդելը որոշիչ նշանակություն ունի, իսկ երբեմն՝ անվտանգության սահմանափակումներն ու արգելքները հանդիսանում են աշխատողների կյանքի պահպանման միակ երաշխիքը։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում շարունակում են մեծ ուշադրություն դարձնել աշխատանքի պաշտպանության ոլորտին՝ առաջնահերթություն տալով արտադրական վնասվածքների կանխարգելմանը և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովմանը։