Հայ գերիների ազատ արձակումը՝ խաղաղության ամրապնդման հիմնական պայմանը

Ապրիլի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ էստոնացի գործընկեր Մարգուս Ցահքնայի հետ համատեղ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ Բաքվից հայ գերիներին ազատ արձակելու հարցի վերաբերյալ նորություն չկա։ Երևանի դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է։

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է․ նրանք օր առաջ պետք է ազատ արձակվեն, և նրանց ազատ արձակումը միայն կամրապնդի խաղաղությունը», – ընդգծել է նախարարը։

Նա նաև նշել է, որ ադրբեջանական կողմի հետ երկխոսությունը շարունակվում է, և այդ հարցը միշտ գտնվում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ուշադրության կենտրոնում։

Խաղաղության հաստատումը պահանջում է ինստիտուցիոնալացում, և գերիների հարցը, որը համարվում է ամենազգայունը հայկական հասարակության համար, պետք է լուծվի։

Արարատ Միրզոյանը խոստովանել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հեռանալն Ադրբեջանից բարդացրել է իրավիճակը։ «Խնդիրը կա, ջանքերը շարունակվում են, սակայն դեռ նորություն չկա», – ասել է նա՝ նշելով, որ միակ դրական լուրը կարող է լինել միայն նոր խմբի գերիների ազատ արձակումը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը մինչ օրս հայտնի չէ։ Ըստ փորձագետների գնահատականների՝ նրանց թիվը հասնում է մի քանի հարյուրի։ Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը։

Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Բաքվի դատարանները շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման են դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին և Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Մնացած արցախցիներին դատապարտել են մինչև 15 տարվա ազատազրկման։