Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում, 2026 թվականի փետրվարի 17-19-ը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հրավերով և օրհնությամբ գումարված Եպիսկոպոսաց հավաքը ավարտել է իր աշխատանքները։
Մենք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և Կ․Պոլսի Հայոց Պատրիարքության, քսանհինգ եպիսկոպոսներս, ողջունում ենք Մեծի Պահոց շրջանի մեկնարկը և փառք ենք մատուցում Երկնավոր Տիրոջը՝ շնորհելու համար մեզ աղոթական միությամբ վերանորոգելու Իջման Սուրբ Սեղանի առջև կնքած եպիսկոպոսական մեր ուխտը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական հրավերով հայրենիքում և սփյուռքում ծառայող եպիսկոպոսներս համախմբվել ենք՝ միասնաբար խորհրդածելու Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների շուրջ և լուծումներ գտնելու դրանց հաղթահարման ուղղությամբ։
Խորը մտահոգությամբ ու դատապարտությամբ ենք արձանագրում, որ քրեական անհիմն հետապնդման պատճառով արգելափակվեց Հայոց Հովվապետի և մեր վեց եպիսկոպոս եղբայրների ելքը Հայաստանից, ինչը խոչընդոտեց նրանց մասնակցությունը Եկեղեցու կյանքում կարևոր նշանակություն ունեցող այս պատկառելի հավաքին։ Արհեստականորեն ստեղծված այս խոչընդոտի պատճառով մենք հարկադրված էինք տեսակապի միջոցով ունկնդիր լինել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամին։
Հավաքին իրենց ուղերձներն էին հղել նաև Նվիրապետական մեր մյուս Աթոռների գահակալները՝ Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի Հայ Պատրիարք Նորին Ամենապատվություն Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կ․Պոլսի Հայոց Պատրիարք Նորին Ամենապատվություն Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Եպիսկոպոսաց հավաքը իր եռօրյա նիստերի ընթացքում քննության առավ օրակարգում ընդգրկված հետևյալ հարցերը․ «Եկեղեցու առաքելությունը արդի ժամանակաշրջանում և առկա մարտահրավերները հայրենիքի և սփյուռքի մեջ», «Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա կացությունը և Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի մեջ», «Եկեղեցու ինքնավարության պաշտպանությունը քաղաքական շահարկումներից և ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիները»։
Եղբայրական սիրո ու փոխհասկացողության մթնոլորտում բովանդակային, կառուցողական քննարկումների արդյունքում Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցներս վճռականորեն վերահաստատում ենք մեր Սուրբ Եկեղեցու ավանդությամբ ու բազմադարյա փորձառությամբ նվիրագործված կարգերն ու սկզբունքները։
Այս համատեքստում մենք խորը մտահոգություն ենք հայտնում եկեղեցի-պետություն հարաբերությունների անցանկալի ներկա կացության առնչությամբ և կոչ անում ՀՀ իշխանություններին՝
դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա։
վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին։
ազատ արձակել կալանավորված չորս սրբազան մեր եղբայրներին, քահանային, ինչպես նաև Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին։
գործել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը։
Միաժամանակ հորդորում ենք խոտորյալ ութ սրբազաններին՝ գործել Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի և ծառայական կոչման գիտակցությամբ։
Անընդունելի նկատելով արտաքին պարտադրանքի ներքո բարենորոգման որևէ շարժում՝ հրամայական անհրաժեշտություն ենք նկատում Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության աշխատանքներն իրականացնել միմիայն եպիսկոպոսաց ժողովում և եկեղեցական կանոնական բարձրագույն մարմիններում։
Հայ Եկեղեցու եպիսկոպոսներս վերահաստատում ենք մեր հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ որպես տեսանելի խորհրդանիշ և երաշխիք Եկեղեցու միության, հաշտության ու համերաշխության։
Օրհնությամբ Հայոց Հովվապետի հանձնառու ենք եպիսկոպոսաց ժողովի պարբերական գումարումով նպաստել Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների քննությանն ու հաղթահ