Իմ գործունեության ամփոփման ընթացքում լրագրողների հետ զրույցում ես հայտնել եմ, որ այս պահին Հայաստանի կառավարությունը ԵՄ հետ բանակցություններ չի վարում ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատի երկարաձգման շուրջ։ Մանդատի մասով ոչ մի փոփոխություն չի նախատեսվում մինչև հաջորդ տարի։
Հայաստանի կառավարությունը շատ բացահայտ խնդրել է առաքելության անդամներին շարունակել իրենց մշտադիտարկումը սահմանին և այցելությունները սահմանամերձ գյուղեր։ Այս պահին, ըստ իմ տեղեկությունների, քննարկում չկա, և մենք կշարունակենք մեր գործունեությունը, քանի դեռ երկու կողմերը չեն ստորագրել և չեն վավերացրել խաղաղության պայմանագիրը։
ԵՄ առաքելությունը իրականացրել է 7780 պարեկություն՝ սահմանի ամբողջ երկայնքով։ 2025 թվականի օգոստոսից հետո մենք ոչ մի միջադեպ չենք արձանագրել, ինչը վկայում է իրավիճակի զգալի բարելավման մասին։ Մենք հիմա սահմանային լարվածության նախադրյալներ չենք տեսնում։
Հիշեցնեմ, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը 2025 թվականի հունվարի 10-ին առաջարկել էր ևս երկու տարով երկարաձգել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում։
Այս առաքելությունը ձևավորվել է 2023 թվականի հունվարի 23-ին՝ ԵՄ խորհրդի որոշմամբ։ Նրա նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, վստահության ամրապնդմանը և ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Առաքելության կազմում ընդգրկված է մինչև 100 մասնագետ, որոնց օպերատիվ շտաբը գտնվում է Եղեգնաձորում։ Առաքելությունը սկսել է գործել 2023 թվականի փետրվարի 20-ին։