Հունիսի 1-ից մինչև 18-ը Հայաստանից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել։ Այս տեղեկությունը հրապարակել է Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հղում անելով Էկոնոմիկայի նախարարության կողմից ՍԱՏՄ-ին ներկայացված տվյալներին։
Ըստ նախարարության տվյալների, նույն ժամանակահատվածում ծաղկի արտահանումը կազմել է 1996․3 հազար հատ և 17․2 տոննա։ Ծաղիկները հիմնականում արտահանվել են Վրաստան (15․6 տոննա), Բուլղարիա (0․2 տոննա), Նիդերլանդներ (0․1 տոննա), Ռումինիա (0․7 տոննա) և Իրան (0․6 տոննա)։ Ավստրիա է արտահանվել 2000 հատ, իսկ Ֆրանսիա՝ 2900 հատ ծաղիկ։
Պատգամավորը նշում է, որ, թեև իշխանությունները հայտարարում են ԵՄ անդամ երկրներ արտահանելու նպատակով ակտիվ աշխատանքներ իրականացնելու մասին, հայ տնտեսվարողը կրում է հսկայական վնասներ։ Ծաղիկ արտադրողները հայտնում են, որ ստիպված են օրական թափել հազարավոր ծաղիկներ՝ դրանց անհնարին լինելով իրացնել ոչ միայն արտաքին, այլև ներքին շուկաներում։
Այս իրավիճակի ֆոնին Դանիելյանը նշում է, որ վարչապետի աշխատակազմը Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի կազմակերպման և անցկացման համար պետական բյուջեից հատկացվել է 54․360․539 դրամ։ Բացի այդ, հսկայական գումարներ են ծախսվել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի կազմակերպման համար՝ ընդհանուր առմամբ մոտ 5 մլն դոլար։ Ծախսերի մի մասը, ինչպես նշվում է, գաղտնիության պատճառով հրապարակ չի արվել։
Պատգամավորը հարց է տալիս՝ արդյոք հայ գյուղացին պետք է վճարի այսպիսի գինը՝ իշխանությունների կողմից իրականացվող «հակառուսական շոուների» համար։ Նա նաև ընդգծում է, որ նոր շուկաներ նվաճելը տարիների, ոչ թե օրերի հարց է, և մինչդեռ իշխանությունները, լինելով իշխանության 8 տարի, որևէ կոնկրետ քայլ չեն ձեռնարկել արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ։
«Մեր քաղաքացիների աչքին «թոզ փչել» չեք կարողանալու։ Հայ արտադրողն ամեն օր է իր մաշկի վրա զգում ձեր անհեռատես, ապաշնորհ քաղաքականության աղետալի հետևանքները», – եզրափակել է Դանիելյանը։