Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի դիրքորոշումը միջուկային զենքի մշակման հարցում էականորեն չի փոխվի։
Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին դեռևս չի արտահայտել իր տեսակետը այս հարցի վերաբերյալ։ Արաղչին նշել է, որ Իրանի իշխանությունների կողմից պաշտոնական դիրքորոշումը հաստատվել է ավելի քան քսան տարի առաջ՝ ֆեթվայի (կրոնական հրովարտակի) միջոցով, որը հրապարակել էր Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
Իրանցի դիվանագետը նաև ընդգծել է, որ ֆեթվաները կախված են այն իսլամական իրավական համատեքստից, որում դրանք հրապարակվում են, և ինքը չի կարող դատել նոր գերագույն առաջնորդի իրավական կամ քաղաքական հայացքները։
Արաղչին անդրադարձել է նաև տարածաշրջանում ծավալվող իրադարձություններին։ Նրա խոսքով՝ պատերազմից հետո Պարսից ծոցի երկրները պետք է մշակեն Հորմուզի նեղուցի համար նոր արձանագրություն՝ ապահովելու անվտանգ նավարկությունը և արտացոլելու տարածաշրջանի բոլոր երկրների շահերը։
Նախարարը բացատրել է Թեհրանի վերջին գործողությունները՝ ի պատասխան Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ալի Լարիջանիի սպանությանը։ Նա նշել է, որ Թեհրանը կասետային զինամթերքի հրթիռներ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ։
Արաղչին ընդգծել է, որ Իրանի կառավարական համակարգը կայուն է, և բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը չի կարող կանգնեցնել պետության գործողությունները։ Նա նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը չեն հասկանում, որ Իսլամական Հանրապետությունը գործում է անկախ անհատներից, և պետությունը շարունակում է գործել։