Եվրախորհրդարանը կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ գերիներին՝ որպես խաղաղության ճանապարհ

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ հրապարակել են համատեղ հայտարարություն, որում խորը մտահոգություն են հայտնել ադրբեջանական դատարանի կողմից 15 հայ գերիների դեմ հանգած վճիռի կապակցությամբ։ Նրանք կարծում են, որ այդ քայլը խոչընդոտում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու գործընթացը։

Հայտարարության մեջ նշվում է, որ փետրվարի 5-ին Բաքվի զինվորական դատարանը երկարատև ազատազրկման է դատապարտել 19 հայ կալանավորներից 15-ին, ովքեր պահվում են Ադրբեջանում՝ «նախկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության» շրջանակում։ Դատարանը հինգ հայերին դատապարտել է ցմահ ազատազրկման, մյուսներին՝ մինչև 15 տարվա ազատազրկման։

Եվրոպացի պատգամավորները նշում են, որ Ադրբեջանը վերջին տարիներին ձեռնարկել է դրական քայլեր Հայաստանի հետ հաշտեցման ուղղությամբ՝ ստորագրելով Վաշինգտոնյան հռչակագիրը, հաստատելով խաղաղության համաձայնագրի տեքստը և թույլ տալով բեռների տարանցում դեպի Հայաստան։ Նրանք նաև հիշում են, որ 2026 թվականի հունվարին Ադրբեջանն արդեն ազատ է արձակել չորս հայերին։

Հայտարարության մեջ նշվում է, որ անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը արժանացել են Զայիդի մարդկային եղբայրության մրցանակին՝ «խաղաղության առաջմղման իրենց հետևողական ջանքերի» համար։ Այդ հանգամանքը, ըստ եվրախորհրդարանականների, ավելի է ընդգծում ադրբեջանական իշխանությունների վրա առկա պատասխանատվությունը։

Հայտարարության հեղինակները կոչ են անում ադրբեջանական իշխանություններին զարգացնել ներկայիս դրական դինամիկան և ազատ արձակել Ադրբեջանում կալանքի տակ գտնվող բոլոր հայերին։ Նրանց խոսքով՝ այդ քայլը կլինի բարի կամքի նշանակալի ժեստ և կօգնի հասնել Հարավային Կովկասում կայուն խաղաղության։

Համատեղ հայտարարությունը ստորագրել են Մարդու իրավունքների ենթակոմիտեի նախագահ Մունիրա Սատուրինը, Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Նիլս Ուշակովը, արտաքին գործերի կոմիտեի Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանը և արտաքին գործերի կոմիտեի Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Դանա Բարնին։

Հիշեցնենք, որ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը մինչ օրս հայտնի չէ։ Փորձագետների գնահատմամբ՝ նրանց թվում են մի քանի հարյուր անձ, որոնց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։