ԵԱՏՄ-ն հարգում է Հայաստանի ընտրությունը, սակայն ցանկանում է, որ երկիրը մնա միությունում

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում արձանագրվել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները չեն ցանկանում, որ Հայաստանը լքի միությունը, սակայն միևնույն ժամանակ հարգում են երկրի կողմից ընտրված ուղին։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ներկայացնելով ԵԱՏՄ հայտարարության մանրամասները, որը կապված է Հայաստանի դիրքորոշման հետ։

Բելառուսի նախագահը նշել է, որ այդ թեման քննարկվել է ԵՏԲԽ նիստի ընթացքում փակ ձևաչափով, և դրանից հետո ստորագրվել է համապատասխան հայտարարություն։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի ղեկավարները միաձայն արձանագրել են, որ չեն ցանկանում, որ Հայաստանը լքի միությունը։

«Մենք բոլորս արձանագրել ենք․ մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա մեր Եվրասիական միությունից։ Միևնույն ժամանակ, դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն է, և մենք հարգում ենք Հայաստանի ընտրությունը։ Եթե ժողովուրդը նման որոշում կայացնի և համաձայն է դուրս գալ այն միությունից, որտեղ գտնվում է, ինչ-որ ժամանակ անդամակցելով Եվրամիությանը, մենք չենք կարող դեմ լինել հայ ժողովրդի կամքին», – ասել է Լուկաշենկոն։

Նա նաև հիշեցրել է, որ հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները աջակցում են Հայաստանի ղեկավարության ցանկությանը՝ հանրաքվե անցկացնելու միջոցով որոշել երկրի ապագան։ Ըստ Բելառուսի նախագահի՝ նման հանրաքվեն պետք է լինի ազնիվ, բաց և ժողովրդավարական։

«Եթե այս ամենն այդպես լինի, և հայ ժողովուրդը ԵԱՏՄ օգտին չարտահայտվի, այդ որոշումը կընդունվի Եվրասիական տնտեսական միությունում։ Բայց Հայաստանի ղեկավարությունը և հատկապես հայ ժողովուրդը պետք է հասկանան, թե ինչ են ձեռք բերում և ինչ են կորցնում», – ընդգծել է Լուկաշենկոն՝ նշելով, որ Ռուսաստանի նախագահը խոստացել է մանրամասն զեկուցել համաշխարհային հանրությանը, ովքե0ր կցանկանան լսել այդ մասին։

Բելառուսի նախագահը նաև նշել է, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը մի շարք երկրների համար շատ երկար է տևում, ինչը պետք է հաշվի առնել։ Նա օրինակ է բերել Թուրքիան, որը, նրա խոսքով, արդեն 25-30 տարի է, ինչ հերթում է կանգնած ԵՄ-ի անդամակցության համար։

Այս հայտարարությունը հաջորդում է այն իրադարձություններին, երբ Հայաստանը սկսել է քննարկումներ ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին, ինչի արդյունքում երկրի խորհրդարանը հաստատել է օրենքի նախագիծ՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին։