Արցախցի պետական գործչի նկատմամբ կատարված անմարդկային քայլը

Իմ ուշադրությունը գրավեց և ցավով նկատեցի արցախցի պետական գործչի նկատմամբ կատարված մի անհասկանալի և, կարելի է ասել, անմարդկային քայլը։

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ծանուցում է ուղարկել 2007 թվականին 2000-ական թվականներին ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 2004 թվականից գեներալ-մայոր կոչում ունեցող, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի և «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր, ՀՀ «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալակիր Վլադիկ Խաչատրյանին հատկացված ծառայողական բնակարանը ազատելու մասին։

Այս քայլի կենտրոնում է Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, 2007-2012 թթ․ Արցախի կրթության և գիտության նախարար, 2012-2017 թթ․ Մարտակերտի վարչակազմի ղեկավար, 2017-2020 թթ․ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն և 2020-2021 թթ․ ԱՀ գլխավոր հարկադիր կատարող Վլադիկ Խաչատրյանը։

Այս պահին Վլադիկ Խաչատրյանն ունի 2-րդ կարգի անժամկետ հաշմանդամություն, իսկ նշված բնակարանը հանդիսանում է նրա և նրա ընտանիքի միակ կեցավայրը Հայաստանի Հանրապետությունում։

Այս իրադարձությունը դառնում է ավելի ցավալի, երբ հիշում ենք, որ Վլադիկ Խաչատրյանը նաև Նիկոլ Փաշինյանի հետ մետրոյում տեղի ունեցած միջադեպի զոհի՝ Արմինե Մոսիյանի հորաքրոջ ամուսինն է։

Այս անարդարության դեմ պայքարելու համար պաշտպանության նախարարությանը նշված գործողությունից ձեռնպահ մնալու հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան։ Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի իշխանությունները նման ծանուցումներ են ուղարկում Արցախի այլ պետական գործիչների։ Այս իրադարձությունները խորապես մտահոգում են և հարցեր են առաջացնում՝ կապված մարդկային արժանապատվության և պետական քաղաքականության հետ։