Իմ տեսաուղերձում ուշադրություն եմ դարձնում մի անհանգստացնող փաստի, որը վերաբերում է մեր երկրի ներքին քաղաքական գործընթացներին։ Ադրբեջանը ակտիվորեն միջամտում է Հայաստանի ընտրական գործընթացներին՝ առաջ մղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխող կուսակցության շահերը։
Այս հարցը դարձավ առավել ակտուալ օրեր առաջ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե հայերին անհրաժեշտ են հոգեբաններ, հոգեբույժներ և բժիշկներ։ Հայաստանից, այդ թվում՝ երկրի վարչապետի կողմից, այդ հայտարարությանը որևէ արձագանք չհետևեց։
Սակայն, ինչպես տեղեկացվում է, Ալիևի այս հայտարարությունը լայն տարածում է գտել Ադրբեջանում։ Իշխանության ներկայացուցիչներ, օրինակ՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Մուսա Գուլիեւը, սպառնալիքներով լի նյութեր են հրապարակել և հանդես եկել կտրուկ հայտարարություններով։ Նրանք պնդում են, թե հայերը պետք է «վերջապես խելքի գան» և անվանում են հայ հասարակությունը անխոհեմ։ Ավելի մանրամասն՝ Ադրբեջանում հայտարարել են, որ ընտրություններից առաջ հայ հասարակությանն անհրաժեշտ է ցույց տալ «երկաթե բռունցքը»։
Այս իրադարձությունների շուրջ հավաքած նյութերը ես կուղարկեմ Երևանում ԵՄ դեսպանին և պատվիրակությանը։ Երբեմն Եվրամիությունում հայտարարում են ընտրություններին ռուսական միջամտության դեմ պայքարի մասին, ինչը, անշուշտ, դրական քայլ է։ Սակայն անհրաժեշտ է հավասար մոտեցում ցուցաբերել արտաքին միջամտության բոլոր ձևերին, այդ թվում՝ ադրբեջանականին։
Այս ամենի ֆոնին ես կոչ եմ անում հայ հասարակությանը՝ ընտրություններում որոշումներ կայացնելու ժամանակ ղեկավարվել ոչ թե վախի ազդեցությամբ, այլ՝ պետության և ժողովրդի շահերից ելնելով։