Իրանի նկատմամբ իսրայելա-ամերիկյան հարվածները պետք է վերլուծել ոչ միայն ռազմական-անվտանգային, այլև՝ գեոտնտեսական հարթությունում։ Այս կարծիքը հայտնում եմ՝ որպես անդրսահմանային տրանսպորտային-էներգետիկ նախագծերի մասնագետ և քաղաքագետ։ Հարվածների գլխավոր նպատակը, իմ կարծիքով, էներգետիկ հոսքերի վերահսկումն է, ինչը, իր հերթին, ուղղված է գլոբալ ազդեցության վերաձևավորմանը։
Հորմուզի նեղուցը՝ գլոբալ էներգետիկ «սեղմման կետը»
Առաջին առանցքը Հորմուզի նեղուցն է։ Այս նեղուցով անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների մոտ 20-25%-ը և հեղուկացված բնական գազի մինչև 30%-ը։ Այն իսկապես կարելի է անվանել «գլոբալ էներգետիկ շուկայի «սեղմման կետ»»։ Իրանը բազմիցս սպառնացել է դրա հնարավոր բլոկավորմամբ։
Եթե ԱՄՆ-ը հասնի Իրանի քաղաքական ռեժիմի փոփոխության և վավերացնի 1982 թ. ՄԱԿ-ի ծովային կոնվենցիան, ապա իրավական հարթությունում Թեհրանի կարողությունը խոչընդոտելու նավարկությունը կսահմանափակվի։ Սա ամբողջությամբ համապատասխանում է ԱՄՆ-ի նավթային ռազմավարությանը։
Վենեսուելան՝ նավթային պաշարների վերահսկողության հարցը
Այս համատեքստում պետք է դիտարկել նաև Վենեսուելայի ուղղությունը։ Վաշինգտոնի ակտիվությունը Կարակասի շուրջ փաստացի նպատակ ունի վերահսկելի դարձնել Վենեսուելայի հսկայական նավթային պաշարները և ամրապնդել ԱՄՆ դիրքերը որպես առանցքային արտահանող և շուկայի կարգավորող։ Հորմուզի վերահսկումն ու Վենեսուելայի ռեսուրսների տնօրինումը միասին ձևավորում են գլոբալ մատակարարման կառավարման նոր կոնֆիգուրացիա։
Կասպից ավազանը՝ ԱՄՆ-ի ռեգիոնալ շահերի առաջխաղացման հնարավորությունը
Երկրորդ առանցքը Կասպից ավազանն է։ Իրանում նոր քաղաքական իրականության ձևավորման պարագայում Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի վավերացումը կարող է ստեղծել նոր իրավաքաղաքական հիմքեր՝ ԱՄՆ ռեգիոնալ շահերի առաջխաղացման համար։
Այս հաշվարկներում կարևոր տեղ է զբաղեցնում նաև TRIPP-ը (Trans-Caspian Pipeline), որը պետք է դիտարկել որպես ավելի լայն գեոռազմավարության մաս։ Եթե վավերացման արդյունքում ստեղծվեն նախադրյալներ Անդրկասպյան գազամուղի կառուցման համար, ապա ԱՄՆ-ը հնարավորություն կստանա ուժեղացնել ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, զսպել Ռուսաստանին և ազդել դեպի ԵՄ ածխաջրածինների արտահանման դիվերսիֆիկացիոն ռազմավարության վրա։
Չինաստանը՝ ԱՄՆ-ի գլխավոր մրցակիցը
Երրորդ ուղղությունը Չինաստանն է։ Իրանը Չինաստանի համար առանցքային նավթամատակարարներից է, ուստի Իրանի նկատմամբ ճնշումը տեղավորվում է ԱՄՆ-Չինաստան գեոտնտեսական պատերազմի տրամաբանության մեջ։ Նավթային հոսքերի վերահսկումը նշանակում է ազդեցություն Պեկինի արդյունաբերական և ֆինանսական կայունության վրա։
Դոլարի դերը՝ ֆինանսական լծակների վերականգնումը
Վերջապես, պետք է նշել դոլարի հարցը։ Նավթային շուկաների վերահսկումը ԱՄՆ-ի գլխավոր գեոքաղաքական գործիքի՝ դոլարի ամրապնդման առանցքային մեխանիզմներից է։ Վերջին հինգ տարում միջազգային գործարքներում դոլարի կշիռը նվազել է՝ 61%-ից հասնելով 41%-ի։ Նավթի շուկաներում ԱՄՆ դիրքավորման ուժեղացումը կարող է կանգնեցնել կամ նույնիսկ հետ շրջել այս միտումը, ինչը նշանակում է ֆինանսական լծակների վերականգնում։
Ամփոփելով՝ իսրայելա-ամերիկյան հարվածները պետք է դիտարկել որպես մեծ վերաձևավորման փորձ, որի խնդիրը ոչ թե Իրանի մասին է, այլ գլոբալ գեոտնտեսական ճարտարապետության վերահսկման մասին։