Արցախյան շարժման 38-րդ տարեդարձը

Այսօր, փետրվարի 20-ին, լրանում է Արցախյան շարժման 38-րդ տարեդարձը։ 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում է ընդունել «Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմին հանձնելու միջնորդության մասին»։

Այդ առիթով ես, որպես Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, նշել եմ, որ Արցախյան շարժումը սկիզբ դրեց երկու հայկական պետությունների, որոնք այս պահին օկուպացված են։ Ըստ իմ վերլուծության՝ Արցախն օկուպացրել են Ադրբեջանի զինված ուժերը, իսկ Հայաստանը՝ Ալիևի կամակատար քաղաքական ուժը։

Ներկայիս իրավիճակը, որը ստեղծվել է «Փաշինյանական ռեժիմի» կողմից, ցնցող է։ Այս իշխանությունները սեփական իշխանությունը պահպանելու համար հանձնել ու հանձնում են ոչ միայն հայկական տարածքներ, գյուղեր ու բարձունքներ, այլև ձեռնամուխ են եղել մի գարշելի քարոզչական արշավի, որի նպատակն է Ալիևին հանձնել նաև մեր հոգիները։

Նիկոլ Փաշինյանը և նրա համախոհները ջանք չեն խնայում համոզելու հասարակությունը, որ ազգային իղձերը սխալ էին, Շուշին ազատագրելը սխալ էր, սեփական հայրենիքին տեր կանգնելը սխալ էր, թուրքերին ցեղասպանության մեջ մեղադրելը սխալ էր, իսկ հայոց պատմության և մշակույթի հանդեպ հարգանքը՝ սխալ։

Նրանց տգետ հիմնավորումներով, բայց խորամանկ մտադրություններով Փաշինյանը, հակադրելով պետությունը հայրենիքին, փորձում է հիմնահատակ հայրենազրկել մեզ։ Նա ուզում է, որ մենք կորցնենք մեր հայրենիքը նախևառաջ մեր հոգում, մեր սրտում, մեր մտքում։ Որովհետև կորսված հայրենիքը ձեռք բերել դեռ կարող ես, իսկ մոռացված հայրենիքը՝ երբեք։

Պետք է հիշեցնել, որ պետությունը պետք է լինի հայրենիքի գոյության ապահովման միջոց, իսկ ոչ թե հակառակը։ Պետությունը պետք է լինի մեր հայրենիքի վահանը։ Եթե պետությունը քո հայրենիքի վահանը չէ, ապա ու՞մ է պետք այդպիսի պետությունը։ Այդպիսի Հայաստանի Հանրապետությունը այլևս քոնը չէ, մերը չէ, հայերինը չէ։

Իրականում Նիկոլ Փաշինյանը պետությունն էլ չի սիրում, նա պարզապես իշխանություն է սիրում՝ անհագուրդ, ագահ և մոլեռանդորեն։ Ո՞նց կարող է պետությունը սիրել մեկը , ով մեզ դարձրել է գեոպոլիտիկ բոմժ, ով թքած ունի այդ պետության օրենքների վրա, ում օրոք մեր պետությունը գահավիժել է թուլության և անճարության հատակին, ով թշնամու թելադրանքով պատրաստ է փոխել, այդ պետության Սահմանադրությունը, օրհներգը, զինանշանը։ Այո, նա «սիրում» է պետությունը՝ մարդու արյունը ծծող մակաբույծների սիրով։

Այս պայքարում հաղթելու միակ ճանապարհը մենթալ պատերազմում հայ ժողովրդի կողմնակցության հավաքագրումն է։ Իմ կոչը պարզ է․ «Արցախը՝ ես եմ։ Հայաստանը՝ ես եմ։ Հայը՝ ես եմ։ Նիկոլին իշխանազրկողը ես եմ»։