ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցությունը

Փետրվարի 11-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև ձևավորված համագործակցությունը՝ նշելով, որ այն կարևոր դեր է խաղում ժողովրդավարական կառավարման ամրապնդման և վստահելի ընտրական գործընթացների ապահովման գործում։

Փոխնախարարը ընդգծել է ԺՀՄԻԳ-ի մանդատի և մասնագիտական մեթոդաբանության կարևոր դերը ընտրությունների դիտարկման ոլորտում։ Նա վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը՝ ուղղված ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը նաև հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ հյուրընկալելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և այլ համապատասխան միջազգային դիտորդական առաքելություններին՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով։

Ըստ փոխնախարարի՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարիքների գնահատման առաքելության աջակցությունը և մասնագիտական ներգրավվածությունը կարևոր են Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Այս համագործակցությունը կօգնի ապահովել ընտրական վարչարարության կարիքների գնահատումը, կիբերանվտանգության և հիբրիդային սպառնալիքների հետ կապված ռիսկերի վերլուծությունը, ինչպես նաև կնպաստի մասնագետների վերապատրաստման և հավաստագրման համակարգերի միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։ Բացի այդ, այն կնպաստի միջազգային ընտրական աջակցության արդյունավետ համակարգումը։