ԱՄՆ փոխնախագահը Բաքվում քննարկել է հայ բանտարկյալների ազատ արձակման հարցը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բաքվում կայացած հանդիպումների ընթացքում քննարկել է հայ բանտարկյալների ազատ արձակման հարցը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ փոխնախագահի մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քիրքը։

Ըստ նրա՝ ԱՄՆ փոխնախագահը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու նախաձեռնության հաջորդ քայլերը։

«Նրանք կենտրոնացել են առևտրի և բարգավաճման, տեխնոլոգիաների և դիվանագիտական կապերի վրա, խոսել են նաև հետագա քայլերի մասին, ներառյալ պայմանագրերի կնքումը և TRIPP-ի («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») համար թույլտվությունների ստացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումները, ինչպիսիք են բանտարկյալների ազատ արձակումը, ամերիկյան ներդրումները և տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը», – հայտնել է Քիրքը։

Այս հայտարարությունը հաջորդում է փետրվարի 10-ին Երևանից մեկնելու ժամանակ Ջեյ Դի Վենսի կողմից արած խոստումը, որ Բաքվում կբարձրացնի հայ ռազմագերիների հարցը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը մինչ օրս հայտնի չէ։ Ըստ փորձագետների գնահատմամբ՝ նրանց թիվը կազմում է մի քանի հարյուր։ Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը։

Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Մնացած արցախցիներին դատապարտել են մինչև 15 տարվա ազատազրկման։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատավճիռը դեռ չի հրապարակվել, քանի որ նրա գործն առանձնացվել է առանձին վարույթում։