Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ դաշինքն ընտրություններից հանելու որոշ ուժերի փորձերը այլանդակության հերթական դրսևորումն են։
Քաղաքական գործիչն ուրախություն է հայտնել այն առնչությամբ, որ իրավիճակի ճիշտ գնահատման արդյունքում ընտրողները ճիշտ որոշում են կայացրել։ Նա ընդգծել է, որ ընտրություններն ընթանում են շատ բարդ իրավիճակում՝ զանգվածային ձերբակալությունների և կալանավորումների ֆոնին։
«Հենց այս պահին ընթանում են մեր կողմնակիցների ձերբակալություններ։ Շատերին, ավելի քան 100 մարդու, ձերբակալել են երեկ, բայց ոչ մի սարսափելի բան։ Նրանք իմ դեմ էլ ինչ-որ բան են պատրաստում, տեսնենք», – ասել է Սամվել Կարապետյանը՝ կոչ անելով իշխանության ներկայացուցիչներին գնահատել ընտրությունների անցկացումը՝ հատկապես դրանց լեգիտիմության տեսանկյունից։
Նա հիմարություն է համարել այն պնդումները, թե ՌԴ-ից ընտրություններին մասնակցելու համար երկրի բազմաթիվ քաղաքացիների ժամանումը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) գործողությունների հետևանք է։ «Ինչպե՞ս եք դա պատկերացնում։ ԱԴԾ-ից 100 հոգի համոզել են տասնյակ հազարավոր մարդկանց գալ և քվեարկել մեր օգտի՞ն։ Դա, ուղղակի, հիմարություն է», – նշել է նա՝ հավելելով, որ դաշինքը որևէ ընտրակաշառք չի բաժանել։
Սամվել Կարապետյանը խուսափել է պատասխանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանության պահպանման դեպքում Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման հնարավորության մասին հարցին՝ հայտարարելով, որ բոլոր հարցերին վաղը կպատասխանեն։
Նա վստահեցրել է, որ առաջիկա 10 տարիները կանցկացնի Հայաստանում։ «Մենք շատ աշխատանք ունենք անելու, չափազանց շատ։ Առաջին հերթին, պետք է համախմբել ժողովրդին, նորից միավորել սփյուռքը, և եթե դրա համար հնարավորություններ լինեն, ես միայն ուրախ կլինեմ», – ասել է նա՝ նշելով, որ Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա բոլորի՝ և Ամերիկայի, և Ռուսաստանի հետ։
«Մենք չենք կարող պնդել, որ լավ հարաբերություններ կունենանք միայն Ռուսաստանի կամ միայն Ամերիկայի հետ, բոլորի հետ գործընկերային հարաբերություններ կհաստատվեն», – ամփոփել է քաղաքական գործիչն ու գործարարը։