Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ՝ քննարկելով երկու երկրների միջև կապերի զարգացման հեռանկարները։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացումը։ Նախագահները ընդգծել են, որ համակարգված և ակտիվ փոխգործակցությունը բազմակողմ ձևաչափերում նպաստում է ոչ միայն երկկողմ օրակարգի առաջխաղացմանը, այլև տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ դիրքորոշումների համադրմանը։
Զրուցակիցները նշել են, որ, չնայած առկա դրական դինամիկային, երկկողմ հարաբերություններում առկա է դեռևս լիարժեք չիրացված զգալի ներուժ։ Այս համատեքստում կողմերը պարտավորվել են իրականացնել գործնական քայլեր՝ ուղղված տնտեսական կապերի ակտիվացմանը, գործարար միջավայրի միջև ուղիղ շփումների խթանմանը և ներդրումային հնարավորությունների բացահայտմանը։
Հանդիպման առանցքային թեմաներից մեկը երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների ներդրման հնարավորությունն էր։ Նախագահները համաձայնել են, որ նման նախաձեռնությունը կարող է էապես նպաստել մարդկանց միջև կապերի սերտացմանը, զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև բիզնեսի և առևտրատնտեսական համագործակցության աշխուժացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ երկուստեք շահավետ նախագծերի համար։
Կողմերը նաև շեշտել են տարբեր ոլորտներում փորձի փոխանակման կարևորությունը՝ հատկապես նշելով գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և հարակից ճյուղերի դերը։ Նախագահները համաձայնել են, որ այս ուղղություններով համագործակցության ընդլայնումը, նորարարական լուծումների ներդրումն ու մասնագիտական փորձի փոխանակումը կարող են էապես բարձրացնել երկու երկրների տնտեսական մրցունակությունը և խթանել կայուն զարգացումը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Կողմերը կարևորել են կայունության, խաղաղության և փոխվստահության ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես երկարաժամկետ զարգացման կարևոր նախապայման։