Հարավկովկասյան երկաթուղին կոչ է անում զգոնության և պատասխանատվության ցուցաբերել

Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը, պայմանավորված գարնան մեկնարկով, գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացմամբ և երթևեկության ինտենսիվության աճով, հորդորում է բոլոր քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգոնություն և պատասխանատվություն երկաթուղային ենթակառուցվածքներում։

Մեր ընկերությունը կոչ է անում խստորեն հետևել անվտանգության կանոններին։ Պահանջվում է չայրել չոր խոտը երկաթուղային գծերի հարևանությամբ, ինչպես նաև չարածեցնել կենդանիներն այդ գծերի երկայնքով։ Գծանցումները հատելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել կանոնները և անցնել միայն նախատեսված վայրերով։

Անվտանգության հարցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում երեխաների վրա։ Ծնողներին, հատկապես նրանց, որոնց երեխաները հաճախում են երկաթուղուն մոտ գտնվող ուսումնական հաստատություններ, կոչ եմ անում պարբերաբար զրույցներ վարել նրանց հետ՝ բացատրելով երկաթուղային գծերի վրա գտնվելու և այնտեղ խաղալու վտանգները։

Վարորդներին հորդորվում է խստորեն պահպանել երկաթուղային գծանցումների անցման կանոնները, հետևել ճանապարհային նշաններին և լուսացույցերի ազդանշաններին։ Պարտադիր է չշրջանցել փակված արգելապատնեշները և չհատել գծերը չթույլատրված վայրերում։

Թեև ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար, երկաթուղային հատվածներում դրանց խախտման հետևանքները կարող են լինել առավել ծանր, հատկապես վարորդների համար։ Որոշ հատվածներում ուղևորատար գնացքների արագությունը հասնում է մինչև 100 կմ/ժ, ինչը զգալիորեն մեծացնում է արգելակման ճանապարհը և սահմանափակում է մեքենավարի՝ բախումը կանխելու հնարավորությունը։

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ երկաթուղային գծանցումներում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարները հիմնականում պայմանավորված են եղել վարորդների կողմից կանոնների անտեսմամբ, արագության գերազանցմամբ կամ անուշադրությամբ։

Հարավկովկասյան երկաթուղին նշում է, որ իր կողմից իրականացվող կանխարգելիչ աշխատանքը՝ համագործակցությամբ ճանապարհային ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, նպաստել է գծանցումներում անվտանգության մակարդակի կայունացմանը։ Ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում նմանատիպ պատահարներ չեն գրանցվել։