Ալեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) հայոց պատրիարքարան

Աշխատանքային այցի շրջանակում Թուրքիա մեկնած Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի (Կ. Պոլսի) հայոց պատրիարք Ամենապատիվ տեր Սահակ Բ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ։

Հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող լայն շրջանակի հարցեր։ Այցի ընթացքում ԱԺ նախագահը պատրիարքի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի և շրջայցել Պատրիարքության տարածքը։

Հոգևոր առաջնորդը մտահոգություն է հայտնել Հայոց եկեղեցու և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև առկա լարվածության առնչությամբ։ Նա հույս է հայտնել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի կառավարության միջև առկա տարաձայնությունները շուտով կլուծվեն՝ վերականգնելով համաձայնությունը և համերաշխությունը։

Պատրիարքը նաև կարևորել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների առողջ զարգացումը՝ նշելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումը կլինի հուսադրող քայլ՝ խաղաղ համակեցության և տարածաշրջանի ժողովուրդների ընդհանուր զարգացման համար։

Հարկ է նշել, որ վերջին ամիսներին Հայաստանում ակտիվ քննարկումներ են տեղի ունենում՝ կապված Հայաստանի եկեղեցու կառավարման համակարգի հետ։ Իշխանությունները քննարկում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պաշտոնից հեռացման հնարավորությունը, ինչը հանգեցրել է լարվածության և հակասությունների։ Այս հարցը դարձել է նաև քաղաքական դաշտի կարևոր թեմաներից մեկը՝ ներառված լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում։