Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում իշխող «Ֆիդես» կուսակցության առաջնորդ Վիկտոր Օրբանը կիրակի երեկոյան Բուդապեշտում իր կողմնակիցներին հայտնել է ընտրական պարտության մասին։
«Անկախ նրանից, թե ինչ կպատահի, մենք կծառայենք երկրին նույնիսկ ընդդիմության մեջ», – ասել է նա՝ ընդգծելով, որ իր կուսակցությունը շարունակելու է պաշտպանել երկրի շահերը։ Օրբանը նաև հավելել է․ «Խնդիրը պարզ է. այժմ, երբ կառավարման բեռը այլևս մեր ուսերին չէ, մենք պետք է ամրապնդենք մեր սեփական հասարակությունը»։
Ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընտրատեղամասերի ավելի քան 84 տոկոսում ձայների հաշվարկից հետո ընդդիմության առաջնորդ Պետեր Մագյարը և նրա կենտրոնամետ «Տիսա» կուսակցությունը ստացել են 199 տեղերից 138-ը՝ նոր խորհրդարանի ձայների ավելի քան երկու երրորդը։ Ընտրողների մասնակցությունը հասել է ռեկորդային բարձրակետի՝ 77.8 տոկոսի։
Ընտրություններից անմիջապես հետո Մագյարը հայտնել էր, որ Վիկտոր Օրբանը հեռախոսով շնորհավորել է իրեն հաղթանակի կապակցությամբ։
Հունգարիայի նոր քաղաքական իրադրությունը վերլուծվում է նաև եվրոպական մամուլի կողմից։ Ըստ Politico-ի՝ Կիևի դաշնակիցների հույսերը, որ Բուդապեշտը կարող է արագ փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցում, կարող են չափազանցված լինել։ Հրատարակությունը նշում է, որ «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարը ազգայնական է, որը դեմ է Կիև զենք ուղարկելուն և հայտարարել է, որ Ուկրաինայի ԵՄ անդամակցության հարցը կդնի հանրաքվեի։
Այնուամենայնիվ, Politico-ն նաև նշում է, որ Օրբանի պարտությունը «մեծացնում է այն հավանականությունը, որ Բուդապեշտը կարող է հանել իր վետոն Ուկրաինայի նկատմամբ ԵՄ քաղաքականության հիմնական կետերի, այդ թվում՝ Կիևի համար Հունգարիայի կողմից արգելափակված 90 միլիարդ եվրոյի վարկի վրա»։