«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության համակարգող խորհրդի առաջին նիստը տեղի ունեցավ

Ամիսների ընթացքում իրականացված աշխատանքի արդյունքում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության համակարգող խորհրդի առաջին նիստը հաջողությամբ տեղի ունեցավ։

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը հանդես է գալիս որպես վերկուսակցական հարթակ, որի հիմնական նպատակն է միավորել հայկական հասարակության տարբեր խավերի՝ իրենց մտածողությունները, փորձը և տեսակետները։ Նախաձեռնության սկզբունքն այն է, որ յուրաքանչյուր միտք կարևոր է, իսկ յուրաքանչյուր կարծիք՝ լսելի և արժեքավոր։

Համատեղ քննարկումների, առաջարկների և ինտենսիվ աշխատանքի արդյունքում ձևավորվել է համապարփակ ծրագիր։ Այս ծրագիրը ծնվել է հայ ժողովրդի կողմից և ուղղված է ապահովելու մեր հայրենակիցների արժանապատիվ կյանքը։

Առաջիկա շաբաթներին նախաձեռնության թիմի անդամները և խորհրդանշական գնացքը կշրջելու են Հայաստանի բոլոր մարզերում՝ այցելելով յուրաքանչյուր համայնք։ Նրանց նպատակն է հասցնելու մեր հայրենակիցների մասնակցությամբ մշակված լուծումները՝ ապահովելով, որ ծրագրի կոնցեպտները հասանելի լինեն յուրաքանչյուր հասարակական խմբի։

Հիշեցնենք, որ նախաձեռնության հիմնադիրն ու առաջնորդն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Նա հայտարարել է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին՝ բացառելով գործող իշխանության հետ համագործակցության հնարավորությունը։ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին։