Օմանի Ազգային թանգարանի գլխավոր քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այսօր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան է այցելել Օմանի Ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Նորին Պայծառափայլություն Ջամալ Ալ Մուսավին։

Հյուրին դիմավորել և անմար կրակի մոտ է ուղեկցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրեն Էդիտա Գզոյանը։ Նա ծաղիկներ է դրել անմեղ զոհերի հիշատակին՝ լռությամբ հարգանքի տուրք մատուցելով։

Այնուհետև Ալ Մուսավին շրջել է հուշահամալիրի տարածքում։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրավերով Հայաստան այցելած օմանցի պաշտոնատարը թանգարանում ստացել է մանրամասն տեղեկություն Հայոց ցեղասպանության պատմության և դրա առանձին դրվագների մասին։ Շրջայցը կազմակերպել է ՀՑԹԻ էքսկուրսավար Ժաննա Մելքոնյանը։

Այցի ավարտին Ալ Մուսավին գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում։ Շրջայցի ավարտին ՀՑԹԻ տնօրենն ու Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղարը փոխանակվել են գիրք-նվերներով՝ խորհրդանշելով երկու երկրների մշակութային հարաբերությունների ամրապնդումը։