Վաշինգտոնը ձգտում է դիրքավորվել Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային երթուղում՝ ստանձնելով եվրասիական կարևոր խաղացողի դերը

Իմ վերլուծության համաձայն՝ ձևավորվում է նոր լոգիստիկ մեգանախագիծ, որի նպատակն է դիվերսիֆիկացնել Կենտրոնական Ասիայի ու Եվրոպայի միջև կապը, սակայն՝ բացառապես ամերիկյան կապիտալի վերահսկողության ներքո։ Այս նախագծի իրականացման հնարավորությունը դարձել է ավելի հստակ, երբ Վենսի այցից մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստան էին ժամանել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության ներկայացուցիչները՝ TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները սկսելու նպատակով։

Այս իրադարձությունից օրեր առաջ ամերիկյան ամենախոշոր ներդրումային ընկերությունը՝ Black Rock-ը, ձեռք է բերել Թուրքիայում ադրբեջանական SOCAR-ին պատկանող կոնտեյներային տերմինալի բաժնետոմսերի փաթեթը։ Պայմանագրի համաձայն՝ տերմինալի համատեղ տնօրինումը կատարվում է SOCAR Turkey Enerji A.Ş. և Black Rock-ի «դուստր» Terminal Investment Switzerland Sàrl (TISS) ընկերությունների կողմից։ Խոսքը Էգեյան ծովի ափին գտնվող տերմինալի մասին է, որն իր ծավալներով երրորդն է Թուրքիայում և ապահովում է կայուն ելք դեպի Միջերկրական ծով։

AECOM ընկերության կապը Black Rock-ի հետ ևս ակնարկներ է տալիս այս գործընթացի մասշտաբների մասին։ NASDAQ ֆոնդային բորսայի կայքում որոնման արդյունքները ցույց են տալիս, որ 2023 թ. փետրվարին AECOM-ի ինստիտուցիոնալ բաժնետեր է դարձել հենց Black Rock-ը (12%): Ըստ բաց աղբյուրների՝ Black Rock-ը ներկայացված է AECOM-ում նաև անուղղակիորեն՝ մի շարք դուստր ընկերությունների միջոցով։

Պետք է նշել, որ Black Rock-ը պարզապես բիզնես-սուբյեկտ չէ, այլ ԱՄՆ կառավարության հետ ուղիղ աֆիլացված ակտոր։ Թեև այն համարվում է պասիվ ներդրող, այն ունի քվեարկելու իրավունք բաժնետերերի ընդհանուր ժողովներում և մասնակցում է ընկերությունների բարձրագույն ղեկավարության նշանակմանը։ Այն հանդիսանում է նաև ԱՄՆ «մեծ քառյակի» բանկերի խոշոր բաժնետեր։

Այսպիսով, Վաշինգտոնը, ինչպես նախկինում էլ նշել է, TRIPP-ի միջոցով ձգտում է դիրքավորվել Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային երթուղում՝ ստանձնելով եվրասիական կարևոր խաղացողի դերը։ Ձևավորվում է նոր լոգիստիկ մեգածրագիր, որի նպատակն է դիվերսիֆիկացնել Կենտրոնական Ասիայի ու Եվրոպայի միջև կապը, սակայն բացառապես ամերիկյան կապիտալի վերահսկողության ներքո։ TRIPP-ն ու Թուրքիայում ձեռքբերված տերմինալն այդ լոգիստիկայի կարևոր հանգույցներն են։ Այս վերլուծությունը հստակ ցույց է տալիս, որ պետության աշխարհաքաղաքական շահերը համընկնում են խոշոր կապիտալի շահերի հետ՝ ստեղծելով նոր աշխարհաքաղաքական և տնտեսական դինամիկա տարածաշրջանում։