Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ ունեցավ դրոշակակիրներ 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։ Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը պատվավոր առաքելությունն իրականացրին՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը։
Խաղերի բացման արարողությունը տեղի ունեցավ չորս վայրերում՝ Միլանում, Կորտինա դ ‘Ամպեցոյում, Պրեդացոյում և Լիվինյոյում։ Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում տեղի ունեցավ արարողության հիմնական մասը։ Օլիմպիադա-2026-ը կանցկացվի փետրվարի 6-22-ը՝ Միլանում և Կորտինա դ ‘Ամպեցոյում։ Խաղերի շրջանակում մրցանակների 116 հավաքածու կխաղարկվի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ հայ գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինի և Կարինա Ակոպովայի կողմից Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտական կոմպոզիցիայի օգտագործման կապակցությամբ։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ ստեղծագործության վերնագիրն իբրև արտացոլում է անջատողական քաղաքականության գաղափարական էությունը։
Մինչդեռ խոսքը վաղուց ծանոթ և հայկական մշակութային տարածքում լայնորեն օգտագործվող երաժշտական ստեղծագործության մասին է, որն օգտագործվում է բացառապես որպես ծրագրի գեղարվեստական տարր։ Մարզիկների կողմից որևէ քաղաքական հայտարարություն չի արվել, իսկ ծրագիրն ինքնին հաստատվել և թույլատրվել է մրցումներին միջազգային մարզական կառույցների կողմից։
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը զույգը հանդես է գալիս 2019 թվականից։ Նրանք Հայաստանը ներկայացնում են 2025 թվականի մայիսից։ Հենց Արա Գևորգյանի «Արցախ» կոմպոզիցիայով Ակոպովան և Ռախմանինը արծաթե մեդալներ են նվաճել Պեկինում կայացած ISU to Milano որակավորման մրցաշարում՝ ապահովելով Հայաստանի օլիմպիական քվոտան։ Զուգասահքի կարճ ծրագրում նրանց ելույթը նախատեսված է փետրվարի 15-ին։