Հայաստանում կոռուպցիան վերափոխվել է, բայց չի վերացել

Ինչպես հաղորդում է «ԱնտիԿոր» հարթակը՝ հղում անելով Freedom House-ի «Freedom in the World 2025» զեկույցին, Հայաստանում կոռուպցիայի թեման այլևս դիտարկվում է որպես առանձին խնդիր, այլ համակարգային կերպով ներթափանցում է պետական կառավարման, դատական իշխանության, ընտրական գործընթացների և մարդու իրավունքների տարբեր ոլորտներ։

Զեկույցի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ հակակոռուպցիոն հռչակված քաղաքականության ֆոնին կոռուպցիոն ռիսկերը ոչ միայն պահպանվում են, այլև որոշ ոլորտներում խորանում են։

Հիմնական արձանագրումները

Անպատժելիություն բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում: Freedom House-ը նշում է, որ իշխող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները հազվադեպ են ենթարկվում իրական քննության, նույնիսկ այն դեպքերում, երբ առկա են պաշտոնեական լիազորությունների չարաշահման ակնհայտ ցուցումներ։ Կոռուպցիոն գործերով հաջողված դատապարտումները վերին էշելոններում մնում են բացառիկ։

Վահան Քերոբյանի հրաժարականը որպես մեկուսացված դեպք: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի 2024 թվականի հրաժարականը՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով, զեկույցում ներկայացվում է որպես մեկուսացված դեպք, որը չի հանգեցրել ոլորտային մաքրման կամ ինստիտուցիոնալ հետևանքների։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակման մեխանիզմ: Հակակոռուպցիոն կոմիտի նախագահ Սասուն Խաչատրյանի հրաժարականը վարչապետի պահանջով և նրան փոխարինելու համար միայն մեկ թեկնածուի առաջադրումը զեկույցում գնահատվում են որպես մրցակցային և անկախ նշանակման սկզբունքների խաթարում։

Կառավարման ինստիտուտների թուլացում: Ազգային ժողովի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմի ժամանակին համալրման և մշտական նախագահի նշանակման ձախողումը նույնպես դիտարկվում է որպես կառույցի գործունակության թուլացում։

Դատական ճնշում և քաղաքական վերահսկողություն: Զեկույցում նշվում է, որ դատավորների նկատմամբ կիրառվող կարգապահական վարույթները, հատկապես քաղաքականապես զգայուն գործերով, ընկալվում են որպես ճնշման և վերահսկման գործիք։ Դատավորների նշանակման հատուկ ընթացակարգերը, որոնք շրջանցում են Արդարադատության ակադեմիայի պարտադիր ուսուցումը, օգտագործվել են քաղաքական կապեր ունեցող անձանց համակարգ ներմուծելու համար։

Պետական գործունեության ոչ թափանցիկություն: Կոռուպցիոն ռիսկերի կարևոր աղբյուր է համարվում նաև պետական գործունեության ոչ թափանցիկությունը։ Պետական գնումների վերահսկողությունը և գույքի հայտարարագրման մեխանիզմները մնում են թույլ, լրագրողների տեղեկատվության հարցումները հաճախ մնում են անպատասխան կամ ձևական։ Օրինակ է բերվում 2024 թվականի սահմանազատման գործընթացում Ադրբեջանին փոխանցված տարածքների համար տրամադրված փոխհատուցումների չափերի հրապարակումը, որի բացակայությունը առաջացրել է կասկածներ։

Ընտրական կոռուպցիա: Freedom House-ը նշում է, որ վարչական ռեսուրսների զանգվածային չարաշահումը, հատկապես տեղական ընտրություններում, մնում է քրոնիկ խնդիր։ Ընտրակաշառքի բացահայտ դեպքերը նվազել են, սակայն ընտրողների վրա անուղղակի ազդեցության մեխանիզմները պահպանվել են։ Իշխող կուսակցության ընտրարշավների հնարավոր ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ լրագրողական բացահայտումները չեն ստացել արդյունավետ իրավական ընթացք։

Զեկույցի առանցքային ուղերձը հստակ է․ առանց իրական դատական անկախության և քաղաքական կամքից անկախ հակակոռուպցիոն ինստիտուտների՝ կոռուպցիայի դեմ պայքարը մնում է ձևական։