Երևանցիները քաղաքապետարանի ձնամաքրման աշխատանքները գնահատել են 3 բալով

Հունվարի 19-23-ը կատարված հարցման համաձայն՝ Երևանի բնակիչները քաղաքապետարանի կողմից իրականացված ձնամաքրման աշխատանքները գնահատել են 5 բալանոց սանդղակով՝ 3 բալով։ Այս տվյալները հրապարակել է MPG խորհրդատվական ընկերությունը՝ իր «Դիսկոտեկա ավարիա» հարցման արդյունքների հիման վրա։

Հարցվածների կարծիքով՝ ճանապարհների մաքրման աշխատանքները գնահատվել են 3 բալով, մայթերի մաքրումը՝ 2,4 բալով, իսկ բակերի մաքրումը՝ ընդամենը 2 բալով։

Հարցման մասնակիցները գնահատել են նաև Երևանի քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների աշխատանքը։ Ըստ արդյունքների՝ Երևանի քաղաքապետը ստացել է 3,3 բալ։

Լավագույն գնահատականները՝ 3,8 բալ, ստացել են Կենտրոն և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները։ Շենգավիթի և Էրեբունու վարչական շրջանների ղեկավարները գնահատվել են 3,7 բալով, Ավանի ղեկավարը՝ 3,6 բալով, իսկ Քանաքեռ-Զեյթունի, Նուբարաշենի և Նորք-Մարաշի ղեկավարները՝ 3,4 բալով։ Արաբկիրի, Դավթաշենի, Նոր Նորքի և Աջափնյակի վարչական շրջանների ղեկավարները ստացել են 3,3 բալ։

Հարցվածները ամենաբարձր գնահատականը՝ 2,6 բալ, տվել են Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության աշխատանքին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստացել է 2,4 միավոր, «Հանրային ձայն» խմբակցությունը՝ 2,2 միավոր, «Ազգային առաջընթաց» խմբակցությունը՝ 2,2 միավոր, իսկ «Հանրապետություն» խմբակցությունը՝ 2 միավոր։

Հարցումն իրականացվել է հեռախոսազանգերի միջոցով՝ ընտրելով 601 հարցվող։ Արդյունքների սխալանքը կազմում է + / – 3,8%։

MPG խորհրդատվական ընկերությունը 2011 թվականից աշխատում է որպես աշխարհում հասարակական կարծիքի ուսումնասիրման ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկի՝ Gallup միջազգային ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում։ Ընկերությունը սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների շուկայում իրականացրել է ավելի քան 800 նախագիծ։